Որոշել եմ մոտակա հրապարակումներիս զգալի մասը նվիրել արտագաղթի դեմն առնելու թեմային: Չեմ խոսելու միայն ահագնացող արտագաղթի եւ դրա կործանարար հետեւանքների մասին, ինչով շատերն են զբաղվում: Ճիշտ ու դեռ մի բան էլ քիչ են ահազանգում, բաց ինչ-որ չեմ տեսնում երեւույթի դեմն առնելու, հետեւանքները մեղմելու իրական քայլերի փնտրտուք: Մեծ հաշվով ախտորոշումը վաղուց է տրված` մարդիկ փախչում են որովհետեւ տնտեսությունը չի զարգանում, չկան աշխատատեղեր իսկ սեփական բիզնեսով զբաղվելը արկածախնդրության պես մի բան է դարձել: Հեռանում են, որովհետեւ չկա օրենք եւ արդարություն, որովհետեւ ընչաքաղց տգետները զավթել են իշխանությունը եւ չի երեւում երկրում արդարության վերականգնման, օրենքի գերիշխանության ներքո ազատ ու ապահով ապրելու, աշխատելու ու ստեղծագործելու որեւէ իրական հեռանկար: Բուժումն էլ է վաղուց տրված`օր առաջ ազատվել իշխանությունը յուրացրած ռեժիմից, ազատ ընտրությունների միջոցով վերադարձնել իշխանություն ձեւավորելու իրավունքը ժողովրդին, իշխանությունների իրական տարանջատումն ու փոխզսպման մեխանիզմները գործի դնելով հասնել օրենքի գերիշխանությանը: Ձեւավորել ազատ ու մրցակցային տնտեսական դաշտ, վարել տնտեսական ակտիվությունը խթանող` ոչ թե սպանող, հարկային ու դրամավարկային քաղաքականություն:
Թե ի՞նչ ճանապարհով եւ ինչ ժամկետում կանցնենք բուժման այդ կուրսը, հայտնի չէ: Ի հարկե լավ կլիներ ամբողջ հասարակությունով ոտքի կանգնեինք եւ արագ լուծեինք խնդիրը: Բայց, տեսաք, չի ստացվում: Ընդդիմադիր ավանգարդը, որը հանձն առավ լուծելու այդ խնդիրը, ոչ միայն ձախողվեց, ոչ միայն բազմաթիվ նոր հիասթափվածների բանակ ծնեց, այլեւ, զարմանալիորեն արագ դեգրադացվեծ եւ հիմա շատ քչերն են հավատում, որ նույնիսկ ինչ-որ հրաշքով իշխանության հասնելու դեպքում, ի վիճակի կլինի իրականացնելու վերը շարադրված բուժումը: Ուրեմն դեռ պետք է սպասենք նոր ավանգարդի ձեւավորմանը, որը կվերականգնի մարդկանց հավատը ու կառաջնորդի զանգվածներին: Եթե, ի հարկե, զանգվածներ դեռ լինեն այդ ժամանակ: Չեն լինի զանգվածներ` չի լինի ոչինչ: Պետության անունը ֆորմալ առումով գուցե մնա ՄԱԿ-ի դավթարներում, բայց դա չի լինի մեր երազած Հայոց պետականությունը` կլինի դրա տնազը: Ուստի աչքի առաջ ունենալով մեր օրվա գերխնդիրն ու բուժման ուղին, ամեն ինչ անելով այդ ուղին արագորեն անցնելու համար, ստիպված ենք զուգահեռաբար եւ օրնիբուն զբաղվելու արտագաղթի դեմն առնելով եւ դրա հետեւանքները վերացնելով: Պետք է վեր հանել, քննարկման դնել լուծումների լայն սպեկտր` սկսած ծնելիությունը խթանելու, մահացությունը նվազեցնելու ու ներգաղթ ապահովելու դասական խնդիրներից ու վերջացրած ոչ տրիվիալ, նույնիսկ էկզոտիկ լուծումներից` ընդհուպ մինչեւ սրվակում մարդ աճեցնելն ու կլոնավորումը:
Ահա այս խնդիրների տեսանկյունից եմ ուզում հիմա անդրադառնալ մեր բանակի խնդիրներից մեկին: Այլ տեսանկյուններից պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հարցը շատ է չարչրկվել` քննարկումները սկսվել են բանակի ստեղծման օրվանից էլ շուտ: Չեմ հիշում, որ որեւէ մեկը վիճած լինի պրոֆեսիոնալ բանակի ակնհայտ առավելությունների վերաբերյալ: Բոլորն էլ հասկանում են, որ պրոֆեսիոնալ բանակ նշանակում է ավելի բարձր մարտական պատրաստվածություն, ավելի լավ եւ երկար շահագործվող տեխնիկա, ավելի բարձր կարգապահություն եւ էականորեն նվազ կոռուպցիա: Միակ փաստարկը, որով մինչ այսօր արդարացվում է դրան չգնալը, թանկությունն է` միջոցներ չունենալը: Միջազգային փորձագետներն էլ են հաստատում, որ պրոֆեսիոնալ բանակ պահելն ավելի թանկ հաճույք է: Թանկության խնդրին, ինձ հասանելի տվյալների մակարդակով, դեռ կանդրադառնամ, իսկ այստեղ անեմ հետեւյալ պնդումը. Հիմնական խոչընդոտն, այնուամենայնիվ, մեր բանակի վերնախավի ահռելի կոռուպցիոն դրամային հոսքերից զրկվել չցանկանալն է:
Մի պահ պատկերացրեք, որ բանակում սկսում են ծառայել միայն կամավորները, որոնք պայմանագիր են կնքում ՊՆ-ի հետ ու անցնում ծառայության, ավելի ճիշտ, աշխատանքի: Պատկերացնում եք ի՞նչ մղձավանջ է սկսվում: Այլեւս ոչ ոք, ոչ մեկին չի դիմում, կաշառք, կամ ծանոթ, կամ պաշտոնական դիրք չի գործադրում որեւէ մեկին բանակից ազատելու, տարկետում ստանալու, կեղծ հիվանդություն «ձեռքբերելու» համար: Ոչ ոք փող չի տալիս` իր զավակին հարմար զորամաս գցելու համար: Ոչ ոք փող չի տալիս տանը նստած ծառայելու, կարճատեւ արձակուրդ գնալու կամ հոսպիտալում պառկելու համար: Տեղյակ ե՞ք այս բոլոր ծառայությունների սակագներին: Պատկերացնում ե՞ք ամեն զորակոչին ուղեկցող միլիոնավոր դոլարների այս հոսքը: Չգիտե՞ք ում գրպաններ է գնում: Համաձայն չե՞ք, որ այս բոլորի վերջը դրվում է պրոֆեսիոնալ բանակին անցումով:
Հիմա մի պահ հայացք նետենք ԲՈւՀ-երին: Մի գժանոց էլ այդտեղ է սկսվելու: Ոչ ոք կրկնուսույց չի վարձում ու կաշառք չի տալիս` իր թերուս որդուն ինստիտուտ ընդունել տալու համար` միայն թե բանակ չտանեն: Ոչ ոք փող չի շինում մագիստրատուրայի ու ասպիրանտուրայի անվճար տեղերի վրա: Սովորում են նրանք, ովքեր ուզում են սովորել` եւ վերջ: Հրաշք է, չէ՞:
Գուցե կարծեք, որ այդ կոռուպցիոն հոսքերը վերացնելով պետությունը ֆինանսական օգուտ չունի: Ի՞նչ տարբերություն այդ կաշառքի փողերը ով եւ որտեղ կծախսի` զորակոչիկի ծնողը, թե՞ կաշառակեր գեներալ, ասենք, Պզոն: Կսխալվեք: Զորակոչիկի ծնողը այդ գումարները կծախսի իր զավակի, ընտանիքի վրա, իսկ դա նախ բարեկեցության բարձրացում է, հետո հարկային մուտքերի ավելացում: Իսկ ի՞նչ կանի մեր վիրտուալ հերոս գեներալ Պզոն: Ամենայն հավանականությամբ եւս մի անճաշակ ապարանք կամ օբյեկտ կկառուցի, տասներորդ շքեղ մեքենան կգնի, կամ կտանի Լասվեգասներում խարջելու: Պետության հարկային մուտքերը, ի տարբերություն սոցիալական բեւեռացման աստիճանի, դրանից հազիվ թե ավելանան:
Բայց դառնանք վերջապես մեր ընտրած տեսանկյունին: Որքանո՞վ պրոֆեսիոնալ բանակին անցումը կնպաստի արտագաղթի դեմն առնելուն: Համոզված եմ, ոմանք արդեն ինչ-որ սեփական եզրահանգման եկան: Որովհետեւ չի կարող պատահել, որ լսած չլինեն այնպիսի դեպքերի մասին երբ ծնողները շտապում են մինչեւ տղայի զինկոմիսարիատում հաշվառման կանգնելը «դուրս» տանել երեխային` այլ երկրի քաղաքացիություն ապահովելու համաար` միայն թե չտան երեխային հայոց փառապանծ բանակի «մարդակերների» ձեռքը: Լսած կլինեն նաեւ, հատուկ արտասահմանում երեխա ծնելու եւ դրա միջոցով երեխային այլ երկրի քաղաքացիություն ապահովելու պրակտիկայի մասին: Լսած կլինեն արտասահմանում դեգերող եւ հայրենիք` ուստի եւ հայոց բանակի գիրկը վերադառնալ չցանկացող հարյուրավոր ուսանողների մասին:
Իսկ քանի-քանիսները, որոնք հենց հիմա էլ հաճույքով պայմանագիր կկնքեին ու կծառայեին մեր բանակում, անգործ ու անեկամուտ նստած են տանը ու մտածում են գարնանը չվելու մասին: Այդ` մինչ այս չվողներից քանիսն է վերադարձել ու քանիսն են տնավորվում օտարության մեջ եւ օտար երկրների համար քաղաքացի ծնում:
Եթե մինչ այս ասածս համոզիչ էր եւ չձանձրացաք մինչ այս հատվածին հասնելը, փորձենք մի փոքր թվաբանություն անել, որպեսզի հասկանանք այն միակ` իրական թանկության մասին փաստարկի լրջությունը: Արդյո՞ք այդ թանկության պատճառով արժե հրաժարվել այդքան լավ արդյունքներից:
Ցավոք սրտի այժմ ինձ հասանելի բազային տվյալները մեր բանակի թվաքանակի եւ ծախսերի վերաբերյալ շատ մոտավոր են: Հասանելի է միայն ԱԺ հաստատած 2012թ. Բյուջեն, այն էլ առանց հավելվածների: Լավ է, որ մեր օրենսդիրները դա էլ շատ չեն համարում մեզ համար:
Ինչեւիցէ, հասկանալի է, որ անցումը պրոֆեսիոնալ բանակի առաջին փուլում միայն մեկ ծախս է ավելացնում` աշխատավարձի: Բնականաբար հետագայում մեր պայմանագրային շարքայիններն ու սերժանտները կպահանջեն ու կստանան ավելի մարդավայել կենցաղային պայմաններ քան հիմա կան, բայց դրա համար ծախսերը հաստատ նախատեսված են բանակի բյուջեով` պետք է ուղղակի չթալանել:
Եվ այսպես փորձում ենք հաշվել պահանջվող հավելյալ աշխատավարձի չափը հաշվի առնելով որ մեր բանակի (ներառյալ Արցախի բանակի) թվակազմը բաց աղբյուրներում նշվում է 70 հազարին մոտ: Այս թվից հանում ենք արդեն իսկ աշխատավարձ ստացող սպայակազմի ու պայմանագրային զինծառայողների թիվը: Վախենում եմ սխալվել, բայց, հաշվի առնելով ՊՆ նոր շենքի մեծությունը ու փուչ գեներալների առատությունը, ընդունենք այդ թիվը 40%: Մյուսներին, այսինքն մոտ 42 հազարին պետք է միջինը 250 հազար ամսական աշխատավարձ տանք:
42,000*250,000*12=126,000,000,000 դրամ տարեկան
Այսպիսով, շատ կոպիտ հաշվարկի արդյունքում ստացանք 126 մլրդ դրամ տարեկան, կամ մոտ 326 մլն դոլար: Պատկառելի թիվ է մեր բյուջեի համար: 1012թ. բյուջեով մեր երկրի (միայն ՀՀ) պաշտպանության ծախսերը նախատեսված են 154.5 մլրդ դրամ: Այսինքն պաշտպանության ծախսը համարյա կրկնապատկվում է:
Բայց: Ինչ լավ է, որ կա բայցը:
Բայց համար 1. Պրոֆեսիոնալ բանակի անցնելուց հետո կարելի է առանց մարտունակության կորստի որոշ չափով կրճատել բանակի թվակազմը` հիշեք որ այդ թվակազմի որոշակի տոկոսը միայն թղթի վրա է ծառայում` իրականում տանն է նստած, բայց նրա վրա դուրս են գրվում եւ սնունդ եւ հագուստ: Կարելի է ենթադրել, որ որոշակիորեն կնվազեն նաեւ հագուստի եւ սննդի ապահովմանն ուղղվող ծախսերը:
Բայց համար 2. Կարելի է հաշվի առնել, որ տնտեսում կլինի գույքի եւ զինտեխնիկայի գնման ծախսերում` դրանց հետ ավելի մասնագիտորեն վարվելու արդյունքում:
Բայց համար 3. Տարեկան երկու անգամ զորակոչի կազմակերպմանը ուղղված ահագին գումարներ կտնտեսվեն:
Բայց համար 4. Որոշակի տնտեսում կարող է լինել գործազրկության նպաստների մասով:
Երեւի ինչ-որ այլ խնայողության աղբյուրներ էլ կգտնեն մասնագետները, բայց ենթադրենք ոչինչ չի կրճատվում եւ չի խնայվում, պարզապես այդ լրացուցիչ բեռը դնում ենք հարկատուների վրա: Որքա՞ն է այդ բեռը: Բյուջեի ընդհանուր ծախսերն ավելանում են մոտ 13 տոկոսով:
Դե ինքներդ որոշեք` արժե՞, թե՞ չարժե գնալ նման ծախսերի: Ինքներդ որոշեք` կա, թե չկա նման ծախսեր ավելացնելու հնարավորություն: Կամ արդյոք Սերժառոբական ռեժիմի թալանածի գոնե մի մասը եթե վերադարձվի պետությանը, մի 3-4 տարով չի ապահովվի այդ լրացուցիչ ծախսերի փակումը:
Համենայնդեպս ասեմ, որ ՌԴ նախագահ Մեդվեդեւը արդեն հայտարարել է, որ Ռուսաստանը գնում է այդ ուղիով ու մինչեւ 2017 թ. Ռուսական բանակի կեսը լինելու են պայմանագրային զինծառայողներ: Ուկրաինայում պլանավորել են 2016-ին ունենալ 80 տոկոս պայմանագրայիններ: ԻսկԼեհաստանի օրինակն, ինձ հայտնիներից ամենատպավորիչն է: Լեհական բանակի ամբողջովին պայմանագրային կարգին անցնելու արդյունքում նոր երեւույթ է առաջ եկել` լեհ երիտասարդները փորձում են կաշառել բժիշկներին, որպեսզի առողջի տեղեկանքով կարողանան ծառայության անցնել լեհական բանակում: Եթե մանրամասներ կուզեք, հետեւեք այս հղմանը`
http://topwar.ru/3974-polskaya-molodezh-stremitsya-sluzhit-v-armii.html (նյութը ռուսերեն է):
09:55 Փետրվար 07, 2012



