Հարգելի նախագահությու՛ն, համագումարի մասնակիցնե՛ր, հյուրե՛ր: Շատ շնորհակալ եմ հրավերի եւ ելույթ ունենալու այս հնարավորության համար:
Ստեղծման դեռ մեկ տարին էլ չբոլորած կուսակցությանը ակամա ուզում ես համեմատել նորածին երեխայի հետ, որի հետ դեռ շատ պետք է չարչարվես, ջանքեր ներդնես, մինչեւ ինքնուրույն կյանք մտնի եւ իրեն արժանի տեղը զբաղեցնի: Այլ է, սակայն, Ազատ դեմոկրատների պարագան, որովհետեւ գիտենք, որ կուսակցության հիմնադիրները, միաժամանակ լինելով Ղարաբաղյան շարժման եւ Անկախ Հայաստանի հիմնադրման անմիջական ու գործուն մասնակիցներ, քաղաքական գործունեության այնպիսի պատկառելի պատմություն ու փորձ ունեն, որ, պատկերավոր ասած, գրպաններում ման կտան վերջերս տարափոփոխության ու սնահավատության հիվանդագին հակվածություն դրսեւորող շատ ու շատ իշխանական չակերտավոր գործիչների:
Ի տարբերություն նույնպես ազատականություն որդեգրած ՀՀՇ-ի, որը ձեւավորվեց համազգային Ղարաբաղյան շարժմանը մասնակից բավականին խայտաբղետ, երբեմն մինչեւ վերջ չձեւավորված քաղաքական հայացքներ կրողների փխրուն բազայի հիման վրա, Ազատ դեմոկրատների ձեւավորումը կատարվեց շատ ավելի հստակ գաղափարախոսական ընտրության արդյունքում` պետական շինարարության թե՛ դրական, թե՛ բացասական մեծ փորձի առկայությամբ, ուստի շատ ավելի մեծ է ձեր ընտրության պատասխանատվությունը եւ շատ ավելի մեծ են մեր` ձեր գաղափարները կիսողների սպասելիքները այդ առումով:
Անձամբ ես ուզում եմ, որ շատ ավելի հստակ եւ զորեղ սկսի հնչել ձեր կուսակցության ձայնը` աշխարհի ներկայիս քաղաքակրթության հիմք դարձած ազատականության համընդհանուր արժեքները քարոզելիս, ուզում եմ որ ձեր կուսակցությունը սեփական օրինակով ներքին ժողովրդավարության եւ թափանցիկ գործունեության դասեր սկսի տալ կուռքերի գերի դարձած մեր քվազիկուսակցություններին, ուզում եմ որ «Ժառանգության» ձեր համախոհների հետ միասին ապացուցեք հանուն ժողովրդի եւ գաղափարի, բարի կամքով համագործակցելու ձեր ունակությունը:
Ուզում եմ նաեւ, որ պարզ, շիտակ ու համարձակ խոսքով ու գործով ճեղքեք ստի, կեղծիքի, բանսարկության ու քծնանքի այսօրվա գաղջ մթնոլորտը, որի արդյունքում մեզանում ձեւավորվել է իսկը բրեժնեւյան մի իրավիճակ երբ բոլորը գիտեն, որ բարձր ամբիոնից ձեռքբերումներից ու կոռուպցիայի դեմ պայքարից ճառողը ստախոս է ու գանձագող, բայց ձեւ են անում, որ հավատում են ու ծափահարում են: Բոլորը գիտեն, որ այսօր ազգային բարերարի դիմակով ներկայացող տեղացիների մեծ մասը կեղեքող-թալանչիներ են. տալիս են դիմացը հարյուրապատիկը թռցնելու համար, բայց շնորհակալություն ենք հայտնում, ծափահարում ենք:
Էլի շատ բաներ կան, որ ուզում եմ, բայց ամփոփեմ հիմնականով: Այն, որ ուզում եմ, որ «Ժառանգության» հետ նախընտրական դաշինք կազմեք արդեն ասացի եւ դա, ներկա իրավիճակում, երկու կուսակցությունների համար միակ հաղթական լուծումն է: Նաեւ ուզում եմ, որ, անկախ նրանից, դա կավելացնի թե կպակասեցնի դաշինքի ձայները, միանշանակ եւ բարձրաձայն հայտարարեք Հայաստանում իշխանությունը բռնազավթած ներկայիս քրեաօլիգարխիկ ռեժիմի գոյության հետ երբեք չհաշտվելու ձեր մտադրության ու ներկայիս քննություն չբռնած կիսանախագահականից խորհրդարանական կառավարման համակարգին անցման ձեր հաստատակամ պատրաստականության մասին:
Ներեք եթե միանգամից շատ բան ուզեցի, բայց, ինչպես ասում են ուզողի մի երեսն է ծուռ, չտվողի` երկուսը:
Հաջողություն եմ մաղթում բոլորիդ:
Կարապետ Ռուբինյան
16.03.2012
Կարապետ Ռուբինյանը ելույթ ունենալով «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համագումարին՝ ասաց.
«Կուսակցությունը, լինելով ղարաբաղյան շարժման ու հանրապետության ստեղծման հիմքերում, ի տարբերություն անմիջական ազատականություն դրսևորած ՀՀՇ-ի, որը ձևավորվեց հեղհեղուկ, անկայուն միջավայրի հիման վրա, ունի ավելի ուժեղ գաղափարախոսական հենք։ Այժմ շատ ավելի մեծ են մեր՝ ձեր գաղափարները կիսողների սպասելիքները:
Ապացուցեք, որ «Ժառանգության» հետ միասին կարող եք բարի կամքով և գաղափարի շուրջ համագործակցելու ձեր ունակությամբ ճեղքել ստի ու կեղծիքի գաղջ մթնոլորտը, որը նման է բրեժնևյան ժամանակաշրջանին:
Ազգային բարերարի դիմակով ներկայացող տեղացիների մեծ մասը թալանչիներ են, տալիս են ինչ-որ բան` հարյուրապատիկը թռցնելու համար, բայց նրանց ծափահարում են:
Նախընտրական դաշինքը երկու կուսակցությունների համար միակ հաղթական լուծումն է: Անկախ նրանից՝ կպակասեն, թե կավելանան ձեր ձայները, ներկայիս քրեաօլիգարխիկ համակարգին հայտարարեք ձեր դեմ լինելու մասին: Չկայացած նախագահական կառավարման համակարգը պետք է փոխարինվի կառավարման խորհրդարանական համակարգով»:
Մեկնարկեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջին համագումարը՝ հիմնադիր համագումարից հետո։
Տեղեկացնենք, որ այդ կուսակցությունը ձեւավորվեց հիմնականում ՀՀՇ նախկին վերնախավի անդամներից, որոնք անջատվեցին կուսակցությունից, 2008-ի նախագահի ընտրությունից հետո ձեւավորված Հայ ազգային կոնգրեսում առաջացած տարաձայնությունների ալիքի վրա։ Այդ ալիքը գագաթին հասավ ՀՀՇ համագումարում, որի ղեկավար կազմի ընտրությունը կուսակցության երեւելի անդամներից ոմանք գնահատեցին որպես ապօրինություն։
«Ես ուզում եմ, որ շատ ավելի հստակ ու զորեղ հնչի ձեր ձայնը՝ ազատական արժեքները քարոզելիս եւ սեփական օրինակով ներքին ժողովրդավարության դասեր տաք կուռքերի գերի դարձած կվազի-կուսակցություններին ու անդամներին»,- իր ելույթում հնչեցրեց ՀՀՇ քաղխորհրդի նախկին անդամ, ՀՀՇ իշխանության տարիներին՝ ԱԺ փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը։
Նա նշեց, որ Հայաստանում այժմ ձեւավորվել է բրեժնեւյան մի իրավիճակ, երբ բարձր ամբիոններից հնչում են կեղծ ճառեր, իսկ իրենց դեմոկրատական արժեքների ջատագով համարողները քաջատեղյակ լինելով այդ ճառերի կեղծավորության մասին, ծափահարում են ու ողջունում։
«Ուզում եմ, որ «Ժառանգության» հետ դաշինք կազմեք, որը երկու կուսակցությունների համար միակ հաղթական լուծումն է։ Ուզում եմ, որ Իշխանությունը բռնազավթած ռեժիմի գոյության հետ երբեք չհաշտվեք։
Կներեք որ միանգամից շատ բան ուզեցի, բայց ինչպես ժողովուրդն է ասում՝ ուզողի մի երեսն է ծուռ, չտվողի երկու երեսը»,- իր ելույթն այսպես եզրափակեց Կարապետ Ռուբինյանը։
«Ազատ Դեմոկրատներ» կուսակցության նախագահ, ՀՀՇ նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանը, որի ելույթը Կարապետ Ռուբինյանից հետո պիտի հնչեր, մոտենալով ամբիոնին, արձագանքեց. « Կան բաներ, որ մեր սրտում են, բայց մեր բանաձեւում արտացոլված չեն։ Հաշվի կառնենք։ Շնորհակալություն»։
«Ժառանգությունը» դժվար է դասել խոշոր զանգվածային կուսակցությունների շարքին, որն ամպագոռգոռ կարգախոսներով տանում է ժողովրդին դեպի պայծառ ապագա: Բայց կուսակցությունն ունի մի կարեւոր առավելություն, որն իրեն առանձնացնում է այլ քաղաքական ուժերից. այն միշտ քաղաքացիների կողքին է՝ խտրականություն չդնելով՝ նրանք հասարակության կողմից ճանաչված են, թե անհայտ, քաղաքական դաշնակից են, թե մրցակից: Այնտեղ, որտեղ խախտվում են մարդու իրավունքները, այնտեղ, որտեղ մարդիկ բողոքում են դրա դեմ, այդ բոլոր վայրերում կարելի է տեսնել «Ժառանգության» փոքրաթիվ խմբակցության անդամներին: Դուք, թերեւս, կասեք, որ դա ավելի շուտ իրավապաշտպան խմբի, ոչ թե քաղաքական կառույցի գործառույթ է: Տեսականորեն դա իսկապես այդպես է: Բայց այսօր մարդկանց փոքր-ինչ ձանձրացրել է այն, ինչ Հայաստանում կոչվում է «քաղաքականություն», երբ ընդդիմությունը՝ ՀՅԴ-ն, ԱԺՄ-ն, ՍԻՄ-ը եւ այլք, իսկ հիմա՝ ՀԱԿ-ը, արտաբերում է միեւնույն շաբլոն մեղադրանքները արտագաղթի, «թալանչիների» եւ «ժողովրդի արյունը ծծողների» մասին, իսկ իշխանությունը դրան պատասխանում է նույնքան հերթապահ փաստարկներով ու… շարունակում թալանել: «Քաղաքականության» այս ձեւն, իմ կարծիքով, իրեն սպառել է, ծեծված խոսքերը կորցրել են իրենց իմաստը եւ ձեռք են բերել զուտ ծիսական բնույթ:
Ժամանակն է, որ հասարակությունն իր առաջ դնի թեեւ երբեմն փոքր, բայց կոնկրետ եւ իրագործելի նպատակներ: Քաղբանտարկյալների ազատ արձակումը հենց նման մի խնդիր էր՝ փառք ու պատիվ ՀԱԿ-ին, մնացած ուժերին, բոլոր նորմալ քաղաքացիներին. այն հաջողվեց իրագործել: Դրանից հետո ամիսներ շարունակ «անհապաղ հրաժարական» անպտուղ կարգախոսի վրա կողմնակիցների էներգիան սպառելը, իսկ այնուհետեւ հերթական խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին պատրաստվելը շախմատային լեզվով կոչվում է «տեմպի կորուստ»: Օրինակ՝ երբ դուք առաջ եք տանում ձեր նավակը կամ թագուհին, իսկ հակառակորդը դրանք «քշում է» զինվորով, դուք ստիպված եք լինում ֆիգուրն առաջվա տեղը դնել, բայց մրցակիցն ավելի նպաստավոր դիրք է ձեռք բերում:
«Ժառանգությունն» իր սահմանափակ հնարավորություններով փորձում է առաջ գնալ «փոքր գործերում՝ լինեն դրանք բնապահպանական, տնտեսական, իրավական, թե կրթական: Վստահ եմ, օրինակ, որ եթե մեզ հաջողվի կասեցնել կրպակների տեղադրումը Մաշտոցի պողոտայում, դա հասարակությանը ավելի շատ կոգեւորի, քան ամիսներով ամենաբոցաշունչ կարգախոսների վանկարկումը:
Երեկ տեղի ունեցավ «Ժառանգության» համագումարը, որի ընթացքում ամենահետաքրքիր ելույթներից մեկն ունեցավ որեւէ կուսակցության անդամ չհանդիսացող Կարապես Ռուբինյանը: Նա, մասնավորապես, ասաց, որ շրջադարձային փոփոխությունների հնարավորությունը, կարծես թե, բաց է թողնված, բայց դանդաղ, էվոլյուցիոն զարգացումը նույնպես համառ պայքար է պահանջում: Գուցե նույնիսկ՝ ավելի համառ:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Հարգելի համագումարի մասնակիցներ, հյուրեր:
Շնորհակալ եմ ձեզ ողջունելու ինձ տրված այս առիթի համար եւ առաջինն ինչ ուզում եմ անել դա վերջին տարիների գործունեության համար «Ժառանգություն» կուսակցությանը շնորհակալություն հայտնելն է: Մեր հասարակության մեծ մասի, այդ թվում եւ ինձ համար «Ժառանգության» գործունեությունը առանձնապես տեսանելի դարձավ 5 տարի առաջ Ազգային ժողովում նրա տեղ գրավելուց հետո եւ, ի ուրախություն մեզ բոլորիս, «Ժառանգության» պատգամավորները աչքի ընկան ոչ միայն ակտիվ եւ նախաձեռնող խորհրդարանական գործունեությամբ, այլեւ քաղաքացիական սկզբունքային ու ազնիվ դիրքորոշմամբ, ճնշվող եւ հալածվող քաղաքացիների շահերի անվարան պաշպանությամբ, երկրում իշխանությունը բռնազավթած ռեժիմի կատարած ապօրինությունների դեմ պայքարով:
Նշածս բոլոր հատկանիշները ամենավճռական ձեւով դրսեւվորվեցին արդեն 4 տարվա վաղեմություն ունեցող, բայց մինչ այժմ բաց վերքի պես արնածորող, մարտիմեկյան դեպքերի հետ կապված: Թե՛ որպես վայրագ հարձակման ու գնդակոծման ենթարկված խաղաղ ցույցի մասնակից, թե՛ որպես նախկին քաղբանտարկյալ եւ թե՛ որպես հետագայում ձեւավորված «Քաղաքական բանտարկյալների եւ հալածյալների կոմիտեի» անդամ իմ խորին շնորհակալություն եմ հայտնում ձեր կուսակիցներին` իրենց արդար, սկզբունքային դիրքորոշման եւ անձնվեր գործունեության համար:
Սիրելի բարեկամներ, նման անկեղծ, դրական գնահատականներ հնչեցնելուց հետո տարօրինակ կլիներ եթե չցանկանայի նաեւ «Ժառանգության» էլ ավելի ծանրակշիռ ներկայությունը նոր գումարման Ազգային ժողովում: Գաղտնիք չէ, որ ես, ինչպես եւ շատ-շատերը մեր երկրում, ողբերգական եւ կործանիչ համարելով մեր հայրենիքի ներկա անազատ վիճակը եւ անփառունակ ընթացքը, տենչում ենք արագ, հեղափոխական փոփոխությունների մեր երկրում: Ցավոք սրտի, շրջադարձային փոփոխությունների հնարավորությունը, կարծես թե, բաց է թողնված եւ այս պահին ստիպված ենք վերադառնալու դանդաղ, էվոլյուցիոն զարգացման տարբերակին, ինչը ենթադրում է ոչ պակաս համառ պայքար հանուն ազատականության ու ժողովրդավարության մեր ընդհանուր գաղափարները կյանքի կոչելու, հանուն մեր գաղափարակիրների կշիռը Խորհրդարանում ավելացնելու: Այս առումով ինձ համար միանշանակ ողջունելի է «ժառանգության» սկսած համագործակցությունը մեկ այլ ազատական ուժի` նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ: Հույս ունեմ, որ ընդհանուր լեզու կգտնվի եւ շատերի համար սպասելի ազատական նախընտրական դաշինքը կկայանա ու համախոհներին չեք կանգնեցնի ծանր երկընտրանքի առջեւ:
Թույլ տվեք խոսքս ավարտելուց առաջ, մեկ-երկու նախադասությամբ էլ անդրադառնալ ազատականության բուն գաղափարին: Առանձնապես ընթացող համաշխարհային տնտեսական ճգնաժամի խորապատկերի վրա, նորանոր հարձակումների է ենթարկվում լիբերալիզմի գաղափարը` հիմնականում տնտեսագիտական տեսանկյունից: Ոչ մի մտադրություն չունեմ խորանալու լիբերալիզմի, նեոլիբերալիզմի կամ սոցիալական ու պահպանողական լիբերալիզմների տարբերությունների, առավելությունների ու թերությունների մեջ: Ներկայիս անազատ, կոռումպացված բարձրաստիճան պետական պաշտոնյաների եւ նրաց հանցակից մենաշնորհատերերի կողմից բզկտվող Հայաստանում նման նրբությունների մասին չարժե խոսել: Արժե խոսել միայն ազատականության հիմնական արժեքների մասին: Հենց այն հիմնական արժեքների, որոնցով պայմանավորեցին զանգվածային քաղաքական աշխարհահայցքների արմատական փոփոխությունները աշխարհի շատ երկրներում, որոնք ուղենիշ հանդիսացան շատ, այժմ արդեն զարգացած, հասարակությունների համար:
Մարդկանց ի ծնե հավասարության, նրանց կյանքի, ազատ ընտրության, օրենքով պաշտպանված սեփականություն ունենալու անքակտելի իրավունքները պաշտպանելը, օրենքի գերիշխանության եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքն առաջ տանելը, քաղաքացու եւ պետության փոխադարձ պատասխանատվության, ազատ ընտրությունների միջոցով իշխանությունների փոփոխելիության գաղափարները, լինելով ազատականության հիմնաքարային արժեքներ, վաղուց արդեն զարգացած հասարակությունների համընդհանուր արժեքներ են: Ուրեմն հաջողություն եմ մաղթում բոլորիս այդ արժեքները մեր հայրենիքում նունպես շուտափույթ արմատավորելու գործում:
Կարապետ Ռուբինյան,
Երեւան, Կառավարության նիստերի դահլիճ,
02.03.2012թ.
ՀՀՇ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանը չի հետևել ՀՀՇ–ից դուրս եկած և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանն անդամագրված իր ընկերների օրինակին։ Նա նախընտրում է մնալ անկուսակցական։ Այս մասին նա ասել է «7օր»–ին՝ միաժամանակ չբացառելով, որ կընդգրկվի «Ազատ դեմոկրատների» և «Ժառանգության» ստեղծելիք դաշինքի համամասնական ցուցակում։
–Հնարավոր է։ Եթե առաջարկ լինի, կմտածեմ,–ասել է նա։
…
Համագումարին ներկա նախկին ՀԱԿ անդամ, ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց “ժառանգությանը”, իր քաղաքական գործունեության համար ու շեշտեց, որ կուսակցությունը օրենսդրական դաշտում ակտիվ գործունեությունից բացի, քաղաքացիական հստակ դիրքորոշում է դրսեւորում եւ հանդիսանում է “ճնշվող խավերի” իրավունքների պաշտպանը:
Ռուբինյանը հատկապես ընդգծեց կուսակցության գործունեությունը մարտի մեկյան դեպքերին հաջորդած շրջանում: “Ես, եւ շատերը մեր հասարակության մեջ, տենչում ենք արագ եւ հեղափոխական փոփոխությունների, ցավոք, շրջադարձային փոփոխությունների հնարավորությունը բաց է թողնված, ասաց Ռուբինյանը ու հավելեց, որ վերադարձ է կատարվում դանդաղ պայքարի:
Ռուբինյանը հատուկ ողջունեց “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատների’ համագործակցությունը. “Հույս ունեմ, որ ընդհանուր լեզու կգտնվի եւ շատերի համար սպասված ‘ազատ դեմոկրատներ եւ “Ժառանգություն” նախընտրական դաշինքը կկայաանա”,- եզրափակեց Կարապետ Ռուբինյանը:
Կարապետ Ռուբինյանն ի դեպ, Henaran.am-ի հետ զրույցում չբացառեց, որ հրավերի դեպքում կմիանա “Ժառանգություն”-”Ազատ դեմոկրատներ” դաշինքին: Նա ասաց, որ անկախ այս հանգամանքից, եթե այդ դաշինքը ստեղծվի, որպես քաղաքացի իր ձայնն անվարան կտա նրան:
«Ժառանգության» համագումարին նախկին քաղբանտարկյալ Կարապետ Ռուբինյանը խոսելով այդ կուսակցության վերջին տարիների գործունեության մասին՝ նկատեց, որ այն ոչ միայն խորհրդարանական ակտիվ գործունեություն է ծավալել, այլ եղել է նաև քաղաքացիական շարժումների կողքին:
Նա շնորհակալություն հայտնեց «Ժառանգությանը»՝ որպես մի մարդ և նախկին քաղբանտարկյալ, որը եղել է 2008 թվականի մարտի 1-ի գնդակահարված ժողովրդի շարքերում։ Կ. Ռուբինյանը հույս հայտնեց, որ այժմ «Ժառանգություն»-ը նորընտիր ԱԺ-ում ավելի ծանրակշիռ ներկայացվածություն կունենա:
Ողջունելով «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ»-ի միջև առկա համագործակցությունը՝ Ռուբինյանն ասաց. «Հույս ունեմ, որ այս երկու ուժերը ընդհանուր լեզու կգտնեն, ազատական դաշինք կստեղծվի, և իրենց համախոհներին չեն կանգնեցնի ծանր երկընտրանքի առջև»:
«Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը իր խոսքում ևս ողջունեց «Ժառանգության» և «Ազատ դեմոկրատներ»-ի միջև առկա բանակցությունները և հույս հայտնեց, որ այդ դաշինքը կկայանա, քանզի այդ երկու ուժերում էլ համախմբված են մարդիկ, որոնք իրապես իրենց մեջ կրում են ազատականության գաղափարը և իրոք մտահոգված են Հայաստանի ապագայով: «Հույս ունեմ, որ այս համագումարը լուրջ պտուղ կտա»:
Ի դեպ, Արամ Հարությունյանը ողջունեց նաև դահլիճում ներկա ՄԱԿ կուսակցության ղեկավար Գուրգեն Արսենյանի՝ ԲՀԿ-ի հետ դաշինքով հանդես գալու քայլը:
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀՇ եւ ՀԱԿ նախկին անդամ Կարապետ Ռուբինյանի հետ
-Պարոն Ռուբինյան, խոսակցություններ կային, որ Դուք էլ եք պատրաստվում անդամագրվել ՀԱԿ-ից դուրս եկած Ձեր ընկերների նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությանը, բայց կարծես որեւէ կուսակցության չեք անդամագրվել: Հնարավո՞ր է մինչ ընտրություններ այնուամենայնիվ որեւէ քաղաքական ուժի հետ համագործակցեք:
- Հանուն որեւէ նախընտրական ցուցակում հայտնվելու չեմ պատրաստվում անդամագրվել որեւէ կուսակցության: Խոսակցություններն «Ազատ դեմոկրատներին» անդամագրվելու վերաբերյալ վերաբերում է անցած տարվա ամռանը, երբ կազմավորվում էր կուսակցությունը: Ես իսկապես առաջարկ ստացա, երկար մտորեցի եւ այնուամենայնիվ որոշեցի շարունակել ըմբոշխնել իմ ազատ քաղաքացի լինելը:
- Գուցե կուսակցության գաղափարախոսությունն է Ձեզ համար մերժելի:
- Չէ, չէ, ավելին, ես համարում եմ, որ այսօրվա դրությամբ «Ազատ դեմոկրատներ»-ը եւ «Ժառանգություն»-ը միակ քաղաքական ուժերն են, որոնց ես պատրաստ եմ ձայն տալ որեւէ ընտրության ժամանակ, քանի որ համարում եմ ազատական քաղաքական միավորներ:
- Հնարավո՞ր է մեծամասնական ընտրակարգով որեւէ ընտրատարածքում առաջադրեք Ձեր թեկնածությունը:
- Շատ քիչ հավանական է, որովհետեւ այդպիսի քայլի կգնայի, եթե երկու հնարավորություն լիներ, առաջինը՝ ֆինանսական, երկրորդ՝ որեւէ մեկի դեմ որեւէ ընտրատարածքում քաղաքական պայքար մղելու անհրաժեշտություն: Կարծես թե ոչ մեկը, ոչ մյուսը հնարավոր չէ այս պահին, քաղաքական պայքար չի լինելու, ֆինանսական հնարավորություններ էլ չունեմ:
- Որեւէ կուսակցության միջոցով այդ հարցերը լուծելու տարբերակ բացառո՞ւմ եք:
- Գիտեք, որեւէ իղձ, ձգտում չունեմ հայտնվելու խորհրդարանում, որտեղ մեծամասնությունը պիտի լինի նույն հանցախմբի կամակատարը, այսինքն՝ երազանքներիս մեջ չկա՝ գնալ եւ Գալուստ Սահակյանի դիմապատկերին ամեն օր հանդիպել: Եթե ստացվի, եւ «Ազատ դեմոկրատներ» – «Ժառանգություն» բլոկը կայանա, եւ ինձ առաջարկ լինի, ապա կհամաձայնեմ այդ ցուցակում ընդգրկվել, միայն նրա համար, որպեսզի ֆիքսեմ իմ տեղը քաղաքական դաշտում, այդքան բան, այսինքն՝ էլի որեւէ անցողիկ տեղի հավակնություն չունեմ:
- Լավ, պարոն Ռուբինյան, ներկայումս ինչպե՞ս կգնահատեք ՀԱԿ գործունեությունը, շարունակո՞ւմ է այն նույն մարտավարությունը, ինչի համար Դուք լքեցիք այն, համենայնդեպս այդպես պատճառաբանեցիք, թե՞… Ի դեպ, վերջերս հայտարարվում է, որ մարտի 1-ի հանրահավաքով նոր շարժում է սկսվելու, եւ կտրուկ փոխելու են քաղաքական գործընթացները: Դուք հավատո՞ւմ եք դրան:
- Հիմա շատ դժվար է գնահատականներ տալ, որովհետեւ անցած տարվա վերջին հանրահավաքից հետո որեւէ իրական գործունեություն, եթե չհաշվենք Հրազդանի ընտրությունները, չեմ տեսել: Հիմա հայտարարություններին թերահավատորեն եմ մոտենում, որովհետեւ եթե ասում են, որ հիմա գնալու են իրական պայքարի, պարտադրելու, թավշյա հեղափոխություն անելու ճանապարհով, ապա այդ դեպքում գոնե մի թեթեւ պետք է անդրադառնան, թե ինչու անցած տարի գարնանը չարեցին դա եւ ոչ միայն չարեցին, այլ նաեւ ինչ-որ գաղափարախոսություն էին դրել դրա տակ՝ երբեք մենք չենք գնալու էդպիսի ճանապարհով: Երբ կտեսնեմ, որ անկեղծորեն հայտարարում են, որ՝ այն ժամանակ սխալվել ենք եւ հիմա նոր ուղի ենք որդեգրում, կարող է ինչ-որ հավատամ, ինչո՞ւ ոչ:
- ԲՀԿ-ին անդամագրված Վարդան Օսկանյանն օրերս հայտարարել է, որ փաստացի կոալիցիա չկա, որ կոալիցիոն կուսակցությունների միջեւ մրցակցություն է սպասվում, սոցիոլոգները եւս կանխատեսում են, թե իբր առաջիկա ընտրություններում հիմնական պայքարն ընթանալու է իշխանական երկու կուսակցությունների` ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Դուք առհասարակ հավատո՞ւմ եք ՀՀԿ-ԲՀԿ հակասությանը:
- Իհարկե հավատում եմ: Տեսեք՝ այսպիսի մի օրինակ մտքովս անցավ: Հանցավոր աշխարհի հայտնի դեմքեր կան, չէ՞, Դեդ Հասան եւ Օնիանի, հայտնի երկու օրենքով գողեր են, որոնք հակասություններ ունեն իրենց մեջ, ընդ որում, անցած տարի, ըստ մամուլի, մի մեծ հավաք է տեղի ունեցել Հունաստանում, որտեղ խաղաղություն է կնքվել, զինադադար է կնքվել գողական աշխարհի այդ երկու թեւերի միջեւ, բայց հիմա կարծես թե նորից սրվել են այդ հակասությունները: Հիմա հարց է ծագում՝ ինձ, ձեզ, ժողովրդին դրանից ի՞նչ: Հանցագործներն իրար մեջ ինչ-որ լծակներ, ազդեցություններ վիճարկում են, չէ՞, կարող է հաղթի մեկը, կարող է հաղթի մյուսը, բայց նրանք երկուսն էլ օրինականության, կարգ ու կանոնի, նորմալ երկրի թշնամիներ են: Հիմա վերադառնանք մեր ՀՀԿ-ին եւ ԲՀԿ-ին. իրենց մեջ ինչ-որ հակասություններ կան, որովհետեւ ԲՀԿ-ն ուզեցել է ավելացնի իր ազդեցությունը, կուզենա ավելի շատ նախարարներ նշանակի, իսկ ՀՀԿ-ն կուզենա պահպանի իր ազդեցությունը, ավելի շատ պատգամավորներ ունենա, բայց դրանից մեզ ի՞նչ: Մեզ համար ոչինչ չի փոխվում: Երկուսն էլ հանցագործ իշխանության թեւեր են, երկուսից էլ որեւէ լավ բան մեր հասարակությունը չի կարող սպասել, միակ լավ բանը կլինի, եթե երկուսից էլ ազատվի:
- Ի՞նչ կերպ եք պատկերացնում այդ ազատվելը, քանի որ ասում եք՝ քաղաքական պայքար հնարավոր չէ:
- Ո՞վ ասաց, որ պայքարը հնարավոր չէ, ես ասացի՝ որեւէ մեծամասնական տարածքում այդ հնարավորությունը չեմ տեսնում: Իհարկե, պայքարը հնարավոր է, եւ ես հույս ունեմ, որ թատերաբեմ կգան նոր՝ ավելի երիտասարդ, ավելի նպատակասլաց, ավելի ազնիվ ուժեր, կհամախմբեն մեր հասարակության ակտիվ մասին եւ առաջ կտանեն դեպի հաղթանակներ:
- Ձեր ասած նոր ուժերի սաղմեր կա՞ն այսօր, երեւո՞ւմ են:
- Չեմ կարող անվանական ասել, բայց տեսնում եմ, որ երիտասարդներն այսօր, փառք Աստծո, ակտիվ են, կամաց-կամաց տեր են կանգնում երկրին, եւ դա հույսեր ներշնչում է:
ՀԵՂԻՆԱԿ՝ Լուսինե Շահվերդյան
28/02/2012